
Նոյեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պատժելու է պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաներին:
Pan.am — Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով և կառավարության որոշումներով նոյեմբերի 3-ին աշխատանքից ազատվել է պետական սեկտորում աշխատող 10 պաշտոնյա և աշխատակից։
Ազատվածներն են նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը, Վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը։ Բացի այդ, վաղաժամկետ դադարեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:
Աշխատանքից հեռացվել են նաև աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը, քաղաքաշինության փոխնախարար Դավիթ Ավանեսյանը, կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը։