Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան Հասարակություն

«Գյումրի» ԲԿ-ի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, իսկ ինֆեկցիոնում ազատ մահճակալները քիչ են

Shantnews.am — Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են նաև այն հիվանդանոցներում, որոնք ինֆեկցիոն չեն և դրա համար պետական ֆինանսավորում չեն ստանում: Օրինակը «Գյումրի» բժշկական կենտրոնն է:

Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդների են ընդունել, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել և «Գյումրի» կենտրոնում գտնվելու ընթացքում է պարզվել, որ նրանք վարակակիր են: Հետևանքն այն է, որ բժշկական կենտրոնի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով:

Իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը առողջապահության նախարարության հրահանգով ընդունում է միայն թեստավորման դրական արդյունքով հիվանդներին: Ինֆեկցիոնում ազատ մահճակալների թիվը սպառվում է:

Հունիս ամսվա ընթացքում Շիրակի մարզում հաստատված վարակակիրների թիվն ավելացել է: Ինֆեկցիոն հիվանդանոցը արդեն միայն ծանր հիվանդներին է ընդունում: Ինֆեկցիոնն ընդունում է միայն այն հիվանդներին, որոնց մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է մոտ 70 պացիենտ: Վիճակները միջին ծանրության են և ծանր: 11 և ավելի ծանր հիվանդ ունենք: Նրանք գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ազատ մահճակալները քիչ են: Մեր մահճակալային ֆոնդը մինչև 100 մահճակալ է, և ազատ մահճակալները գնալով քչանում են: Արդեն հոսպիտալացնում ենք ծանր հիվանդներին։

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյան

Թոքաբորբով ու շնչարգելությամբ շատ հիվանդներ, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել, դիմում են կամ տեղափոխվում «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ ախտանշաններից կռահում են, երբեմն էլ վստահ են, որ հիվանդը վարակակիր է, բայց չընդունել չեն կարող:

Կարող եմ դեպքեր ասել, երբ 85 տարեկան հիվանդը եկել է, նմուշառված չի եղել, բայց տանը ունեցել են կովիդով հիվանդ: Ծայրահեղ ծանր վիճակում ընդունել ենք, մի քանի ժամ անց մահացել է, տեղափոխել ենք հերձարան, որտեղ հետմահու նմուշառումը հաստատել է վիրուսի առկայությունը ու չեն հերձել: Այդպիսին է վիճակը: Եթե նմուշառում կատարված չէ, մենք չենք կարող չընդունել: Ընդունում ենք, նմուշառում ենք կատարում, մինչ թեստավորման պատասխան ստանալը մնում է մեզ մոտ: Մեր բժիշկների գործառույթը չէր, բայց փաստացի հիմա կորոնավիրուսով հիվանդներին ընդունում ենք, բուժում, մինչև այդ հիվանդը տեղափոխվում է։

«Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյան

«Գյումրի» կենտրոնում նաև մահվան դեպքեր են եղել: Հիվանդների մահից ժամեր առաջ պարզվել է, որ վիրուսակիր է, նույնիսկ Գյումրիի ինֆեկցիոն կամ մայրաքաղաք տեղափոխել չեն հասցրել: Իսկ հետևանքն այն է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկներն ու բուժքույրերը վարակվել են:

«17 հոգի հիվանդ է, մեկուսացված է 30-40 բուժաշխատող: Այս պահի դրությամբ սահմանափակել ենք բոլոր պլանային վիրահատությունները: Մինիմումի ենք հասցրել բաժանմունքների աշխատանքը, միացրել ենք իրար այդ բաժանմունքները, որ չգան գործի, որ մինիմում այդ հիվանդների հետ շփվեն։

«Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյան

Ստացվում է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնը մասնագիտացված չէ կորոնավիրուսը բուժելու հարցում, ոչ էլ համապատասխան ֆինանսավորում է ստանում, բայց կատարում է այդ գործառույթը: Դիմել են առողջապահության նախարարություն, նաև առաջարկել՝ բժշկական կենտրոնը օրինական կարգով ընդգրկել համավարակի դեմ պայքարում:

«Գյումրի» կենտրոնի վարակված բուժաշխատողների մեծ մասը այժմ տնային մեկուսացման մեջ է, կան նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում և մայրաքաղաքի բուժհաստատություններում բուժվող բուժաշխատողներ: Նրանցից միայն մեկի վիճակն է ծանր:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica