Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հասարակություն Ոստիկանություն Պատահարներ Քրեական

Երեկ Գավառում սպանված քննիչը երկու անչափահաս երեխա ուներ. նա արդարադատության 1-ին դասի խորհրդական էր

Հայկական Ժամանակ — Երեկ Գավառում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով սպանված 31-ամյա քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը ամուսնացած էր, ապրում էր Գավառում կնոջ եւ երկու անչափահաս երեխաների հետ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը.

«Իրեն Գավառում հարգում, սիրում էին, լավ անուն ունեցող տղա էր, նորմալ, իր բնականոն կյանքով ապրում էր: Մանրամասներ կան՝ մեզ էլ են հետաքրքրում, բայց նույնիսկ մենք հիմա այցելություններ չենք անում նրա հարազատներին. պետք է այդ պահը ճիշտ կազմակերպել, որ նրանց էլ չնեղացնենք»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Զոհրաբ Պարոնիկյանը 2013-14 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես քրեագետ մասնագետ. 2014 թվականից ծառայության է անցել Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 5-րդ կայազորում: Նա արդարադատության 1-ին դասի խորհրդական էր:

Հիշեցնենք՝ երեկ Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, հավաքվել էին հիվանդանոցի տարածքում, վնասել հիվանդանոցը, ներխուժել տարբեր մուտքերից: 

Ոստիկանության այսօր առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն՝ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ. «Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, հիվանդանոցում որևէ մեկը չի սպանվել»,- ասված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ կրակոցների հետեւանքով կա երկու զոհ եւ վիրավորներ:

Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն եւս առաջիկայում դեպքերի վերաբերյալ կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica