Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հայաստան Հասարակություն Պատահարներ Քրեական

Գավառում հնչած կրակոցների գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Armeniasputnik.am — ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանագամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ևս 10 անձ է ձերբակալվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:

«Նույն օրը՝ ժամեր անց, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա.Հայթյանը, Դ.Հայթյանը և Վ.Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել են սպանել նրանց, սակայն  հանցագործությունն ավարտին չեն հասցրել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նրանք, շրջափակել են Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք են գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը:

Հիշեցնենք նաև, որ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում վնասվածքներ են ստացել նաև Հ.Հակոբյանը, Ա.Պետրոսյանը, Ա.Սարգսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 5 մարդ․ այս պահի դրությամբ ձերբակալվածները, ընդհանուր առմամբ 15-ն են:

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:

Որոշում է կայացվել նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնել և համատեղ քննություն իրականացնել: 

Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica