«Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք. կքննարկվի Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը». Փաշինյան

«Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը 3-ին։
Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է: Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։
Նկատի ունեմ՝ գրագետ միջոցառումների ձեռնարկման միջոցով վարակի տարածման կանխարգելումը իրատեսական խնդիր է։
Սիրելի հայրենակիցներ, կրկին կոչ եմ անում պահպանել սառնասրտություն, հանդարտություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին եւ պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»։