Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Բանակ Պատերազմ

Գիտե՞ք, թե քանի թուրքի անուն է գրվել քարին՝ իմ ձեռքով․ Արցախում հերոսաբար ընկած Հայկազ Մկրտչյան

Lurer.com — «Միշտ ժպտացող աչքերով մեր Հայկան․․․ Հայկազ Մկրտչյանը երջանկության և ուրախության մարմնավորում էր, որ իր աչքերի հայացքով ստիպում էր մեզ ուրախանալ, ապրել ու ծիծաղել․․․ Չափազանց կատակասեր, փայլուն մտքով, բայց միաժամանակ ուժեղ ու հպարտ զինվորը պայքարել է, մարտնչել ու հաղթել պատերազմում»։ Արցախում հերոսաբար ընկած Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպես է հիշում եղբորը:

Հայկազը ծառայում էր Տավուշի մարզի N զորամասում: Մինչ այս պատերազմը, մասնակցել էր հուլիսյան մարտերին, գերազանց կատարել իր առջև դրված բոլոր առաջադրանքները, որի համար նրան շնորհվել էր մարտական ծառայության մեդալ: Արևիկն ասում է՝ եղբոր համար հենց այդպես էլ սկիզբ դրվեց այդքան երանելի և սպասված առաքելությանը. «Հայկազը, 20 տարիների ընթացքում հաղթանակեց 2 պատերազմում: Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, նա դեռ Տավուշում էր, ասում էր՝ ինձ այնքան մեղավոր եմ զգում, չեմ կարողանում տեղս գտնել, որովհետև ընկերներիս կողքին չեմ, իրենց չեմ պաշտպանում: Ասում էր՝ կտեսնեք, մինչև մենք չգնանք, կռիվը չի ավարտվելու»,- պատմում է Արևիկն ու հավելում՝ «Իսկ իրենք արդեն ուժեղ, փորձառու մարտիկներ էին, ովքեր կռվեցին մինչև վերջ»:

Հոկտեմբերի 14-ին Հայկազն առաջին անգամ էր Արցախում, հենց առաջին հայացքից էլ սիրահարվել էր Արցախին ու որոշել այնտեղ ապրել:

Հայկազը մանկուց զբաղվել է շախմատով, պարտվել չի սիրել դեռ այդ ժամանակվանից. «Հիշում եմ, երբ փոքր էինք, խաղալիք զինվորիկներ ունենինք, նստում ու պատերազմ էինք խաղում միասին։ Ֆուտբոլ էր սիրում Հայկազը, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն էր երկրպագում: Ընկերոջ հետ ֆուտբոլ խաղալիս՝ ասում էր՝ տեսար, ասա, որ ես լավ էի պաշտպանվում. միայն ֆուտբոլ խաղալիս չէր, որ պաշտպանվեց …»:

Իր տեսակով պայքարող Հայկազին չսիրելն անհնար էր. «Բերեկամասեր ու ընկերասեր էր: Այնքան մաքուր էր, որ նույնիսկ ստել չէր կարողանում, միանգամից ժպտում էր… Անասելի երջանիկ էր, որ վերջապես կռվում էր, աչքերը փայլում էին ու մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել։ Ասում էր՝ գիտեք, թե քանի թուրքի անուն է գրվել քարին՝ իմ ձեռքով»:

«Դուք չեք հասկանում, որ ես անմահ եմ, ուժեղ եմ, ինձ մի աչքով եք նայում․․.»,- հարազատների անհանգստությանն այսպես է պատասխանել Հայկազը:

«Նույնիսկ թեժ մարտերի պահին միշտ հարցնում էր ընկերներից, ասում էր՝ իմ առաքելությունն ընկերներիս, հայրենիքս պաշտպանելն է, պետք է չթողնեմ, որ իրենց շրջափակման մեջ վերցնեն»,- հիշում է Արևիկը:

Հայկազի երազանքը մեկն էր՝ վայելել կյանքը, փորձել ամեն հնարավոր բան անել, հասցնել, իսկ արածների համար՝ երբեք չափսոսալ: Ընկերների խոսքով՝  Հայկազը հաղթել է պատերազմում, որովհետև հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահանջն իր համար անընդունելի է եղել․․.

«Բանակ գնալուց առաջ հմտացել էր խոհանոցում ու ծառայության ընթացքում էլ ընկերների համար ուզում էր համեղ ուտեստներ պատրաստել, զանգում էր տուն ու բաղադրատոմսեր հարցնում»,- նշում է Հայկազի քույրը:

Հայկազը վիրավորվել է հոկտեմբերի 29-ին՝ իր 20 ամյակից 2 օր առաջ։ Ու թեև վիրավորումը շատ ծանր էր, բայց 12 օր շարունակ պայքարեց մահվան դեմ։ Ավաղ, մահն ավելի ուժեղ գտնվեց․․. Նոյեմբերի 9-ի գիշերը Հայկան որոշեց գնալ․․. գնաց ու խաղաղություն բերեց բոլորիս:

Արփինե Հակոբյան

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica