Առողջապահություն Հայաստան Չինաստան

Երկու չինացի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվել են՝ վարակի կասկածանքով

Հայաստանից Վրաստան ուղևորվող 2 չինացիների Բագրատաշենի սահմանակետից հետ են ուղարկել Հայաստան՝ շնչառական վիրուսի կասկածանքով։ Այժմ նրանք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են։ Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը։

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Թորոսյանի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը ջերմություն ընդհանրապես չունի, մյուսը դեռևս հետազոտվում է կորոնավիրուսի առկայությունը բացառելու նպատակով։

«Մեկը պրակտիկ ընդհանրապես որևէ ջերմություն չունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ, մյուսի մոտ եղել է ընդամենը 37 ջերմություն, հիմա անցնում է ռենտգեն նկարահանում, թոքերն են նկարվում, որովհետև այս պարագայում առաջին խոցելի թիրախային թոքաբորբն է՝ ինֆիլտրատիվ թոքաբորբն է, տեսնենք ռենտգեն պատկերն ինչ կտա, բայց այս պահի դրությամբ երկուսի ինքնազգացողությունը բավարար է։ Նրանք, իհարկե, կմնան դեռևս հսկողության ներքո, առանձին մեկուսացված բոքս մեկուսարաններում», – նշեց Թորոսյանը։

Լիանա Թորոսյանը շատ ցածր է համարում կորոնավիրուսի ռիկսը, քանի որ երկու Չինացիները մինչև Հայաստան գալն էլ Վրաստանում են եղել։ Վիրուսի գաղտնի շրջանի՝ 14 օրվա ընթացքում Չինաստանում, առավել ևս կորոնավիրուսի օջախում՝ Ուհանում չեն եղել։

«Ամբողջ գաղտնի շրջանը կարելի է ասել եղել են Վրաստանում և Հայաստանում և այս պարագայում էլ որևէ խնդիր չեն ունեցել», – ընդգծեց նա։

Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն ու առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին՝ քայլերը, որ երկիրն իրականացնում է նոր կորոնավիրուսին դիմակայելու համար։ Նախ նշեցին՝ Հայաստանը ցածր ռիսկային գոտում է, ուղիղ չվերթներ Չինաստանից չկան։ Այս օրերին այնտեղից վերադարձողների նկատմամբ էլ, վստահեցնում են, խիստ հսկողություն է սահմանված:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատական է իրականացվել Հայաստանում բժշկասանիտարական կանոնների ներդրման ուղղությամբ և բավականին բարձր է գնահատվել պատրաստվածությունը», – ասաց Նանուշյանը։

Այնուամենայնիվ՝ Հայաստանում այս պահին չկան կորոնավիրուսի հետազոտման լաբորատոր թեսթեր։ Համաճարակաբանության բաժնի պետը հույս ունի՝ 10 օրվա ընթացքում հարցը կլուծվի։

«Մի շարք երկրների համար դրանք հասանելի չեն դեռևս», – ասաց Լիանա Թորոսյանը։

Չինաստանում համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ։ Նոր վիրուսից 132 հոգի է մահացել, վարակակիրների թիվը շուրջ 6 հազար է։ Արտգործնախարարության տվյալով՝ վիրուսի բռնկման օջախում՝ Ուհան քաղաքում 6 հայեր են ապրում։

Ալիև․ «Սյունիքը, Երևանը և Սևանը մեր պատմական հողերն են»

enzuza

Հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, առողջացել է 33 քաղաքացի

enzuza

Մահվան թվերով ռեկորդային վատ ցուցանիշ է գրանցվել․ 5 մահ, 189 նոր հիվանդ

enzuza