Դատական Հայաստան

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը

Առաջին ալիք — Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությունը, որը շահագործում է Հայաստանի ամենախոշոր խաղատունը՝ «Շանգրի լա»-ն, վարչական դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը. դատարանը որոշել է վերացնել խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ֆինանսների նախարարության որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։

«Լուրեր»-ն արդեն անդրադարձել էր «Շանգրի լա»-ի ու ֆինանսների նախարարության միջև առկա վեճին։ Ապրիլին «Օնիրա քլաբ»-ը դիմել էր նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովին՝ խաղատան լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար։ Պատճառն այն էր որ կորոնավիրուսի տարածման համար ներդրված սահմանափակումները թույլ չէին տալիս խաղատանը գործունեություն ծավալել և հաշվի առնելով խաղատան լիցենզավորման եռամսյակային պետտուրքի չափը, ընկերությունը ավելի նպատակահարմար էր գտել պարզապես դադարեցնել այն։ Հետագայում ընկերությունը հետ վերցրեց իր հայտը, իսկ արդեն հուլիսին երրորդ եռամսյակի տուրքը չվճարելու հիմքով ֆինանսների նախարարության համապատասխան հանձնաժողովը սկսեց վարույթ «Օնիրա քլաբ»-ի դեմ՝ նախարարի հրամանով  անվավեր ճանաչելով «Շանգրի լա»-ի լիցենզիան։ Այս որոշումը վիճարկվեց վարչական դատարանում։ 

Սեպտեմբերի 29-ին դատավոր Գևորգ Սոսյանը որոշել է անվավեր ճանաչել ֆինանսների նախարարի համապատասխան հրամանը։  Դատավորը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Օնիրա քլաբ»-ը պատշաճ տեղեկացված չի եղել վարչական վարույթի մասին ու չի մասնակցել այդ վարույթին։ 

Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ էմին խաչատրյանը «Լուրեր»-ին տեղեկացրեց՝ ֆինանսների նախարարությունն առնվազն 6 միլիոն դոլար է պահանջում «Շանգրի լա»-ից, իսկ դատարանի վճռից հետո նույն հարցով նոր վարույթ է սկսվել. «Պարզ հաշվարկ կա՝ հունվարից մարտ տնտեսվարողը 3 միլիոն դոլար վճարել է լիցենզիայի գումար՝ չհաշված հարկ, տուրք և այլն, բայց մարտի կեսից չի աշխատել։ Հետո վճարել ենք ևս 3 միլիոն դոլար ապրիլից հունիսի համար, բայց կազինոն մեկ րոպե չի աշխատել։ Չի աշխատել ոչ թե տնտեսվարողի մեղքով, այլ լիազոր մարմնի պահանջով։ Մենք ասում ենք՝ 3 միլիոն դոլարը, որը վճարել ու չենք աշխատել, հետ չենք ուզում, ուղղակի ուզում ենք հաշվանցեք մյուս 3 ամիսների համար։ Փաստորեն մի քանի ամիս վիրուսի պատճառով չենք աշխատել, հետո բռնել ոչ իրավաչափ կասեցրել են լիցենզիայի գործողությունն ու մինչ դատական պրոցեսը, վճռի օրինական ուժի մեջ մտնելը ևս 3 ամիս էլ դրա համար չենք աշխատել»,-ասում է փաստաբանը։ Ֆինանսների նախարարությունը դատական վճռից հետո էլ նոր վարույթ է սկսել, խաղատան ներկայացուցիչներն առաջարկել են գտնել միջանկյալ լուծում, քանի որ «պետությունը հարկերի կարիք ունի», սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։ Ֆինանսների նախարարության համապատասխան որոշումը «Օնիրա քլաբ»-ը դարձյալ բողոքարկել է վարչական դատարանում, գործը, սակայն դեռ վարույթ չի ընդունվել։

«Դատարանի վճիռը իրենք չեն բողոքարկել, բայց երկրորդ անգամ նույն բանն են անում։ Միտում եմ տեսնում, որ մեր կառավարությունը փորձում է կազմակերպությանը տանել սնանկության»,-հայտարարեց փաստաբանը։

«Շանգրի լա»-ին առնչվում է նաև քրեական գործ, որը հարուցվել էր այս տարվա հուլիսին։ Խոսքն առանց լիցենզավորման և ապօրինի խաղատուն շահագործելու մասին էր և քննում էր ԱԱԾ-ն։ Ըստ հաղորդագրության՝ «Շանգրի լա»-ի հետ նույն տարածքում 2014-ից գործել է խաղատուն, որը լիցենզավորված չի եղել ու չի ունեցել հատուկ թույլտվություն, և այդ գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ դրամի վնաս։ Էմին Խաչատրյանը տեղեկացրեց՝ այդ գործով մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, ներկայում ընթանում է դատահաշվապահական փորձաքննություն. «Ասում են՝ դուք կազինո եք ապօրինի շահագործել։ «Շանգրի լա» խաղատունը, «Փարավոն» համալիրն ու հյուրանոցը մեկ կազմակերպություն է, մեկ հասցե ու մեկ դրամարկղ։ Հյուրանոցի սրահում՝ երկրորդ հարկում, կա փոքր խաղատուն, խաղատունը հանդիսանում է «Շանգրի ա»-ի խաղասրահ։ Տուրիստների համար էր դա,  միգուցե մեկը ալարում է 200 մետրը քայլի, գնա «Շանգրի լա»-ի մեծ խաղասրահում խաղա, այստեղ առանձին է խաղում»,-խաղատան գոյությունը բացատրեց Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ այս գործով անգամ եթե խնդիրներ առաջանան, դրանք շրջանցելու են Գագիկ Ծառուկյանին։ 

Ներկայում «Շանգրի լա»-ն գործունեություն չի ծավալում։

Մկրտիչ Կարապետյան

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 14 նոր դեպք․ նոր վարակակիրները 711-ն են

enzuza

Շրջվել է «Գլորիա» ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը. կա 15 վիրավոր

enzuza