Panarmenian.net – Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որևէ ձևով չի մասնակցի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին՝ չցանկանալով մասնակից դառնալ «Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին»: Այդ մասին ասվում է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ «ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական… և այդ արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է»:

«Ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»,- ասված է ՀՀԿ հայտարարության մեջ:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։