Samsung Galaxy S20-ի լուսանկարները, որի ներկայացումս նախատեսված է փետրվարի 11-ին, կարծես՝ համացանցում են հայտնվել՝ «տեղեկությունը չտարածել» գրառմամբ։ Այս մասին հաղորդում է shesht.am կայքը։
Samsung ընկերության նոր սմարթֆոնների ներկայացումը պետք է կայանա Սան Ֆրանցիսկոյում՝ մոտ 1 ամիս անց: Նորույթների շարքում պետք է լինի Galaxy S20+ սմարթֆոնը, որը գտնվում է բազային S20-ի և թոփային S20 Ultra մոդելի միջակայքում:

Օրեր առաջ XDA Developers համացանցային հարթակում հայտնվել են ենթադրաբար նոր սարքավորման լուսանկարները: Դրանք հրապարակած լրագրող Մաքս Վայնբախը նշել է, որ լուսանկարները ստացել է մի անձից, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:
Ենթադրյալ Galaxy S20+ մոդելն օժտված է Infinity-O դիսփլեյով՝ բավականին նեղ շրջանակով: Սմարթֆոնն ունի 1 դիմային և 4 հիմնական տեսախցիկներ: Բացի այդ, տեսախցիկների կողքին կարելի է տեսնել ոչ մեծ բացվածք: Վայնբախի կարծիքով՝ դա կարող է հավելյալ միկրոֆոն լինել:

Ուշագրավ է, որ լուսանկարներից մեկում հնարավոր է տեսնել No photo allowed («Չնկարահանել»), Do not leak info («Տեղեկություն չտարածել») և Unauthorized use prohibited («Անօրինական շահագործումն արգելված է») գրառումներով պիտակներ: Լուսանկարներից մեկում երևում է նաև արգելքի մասին գրառումներով պիտակն առհամարհած մարդու արտացոլանքը:
Սպասվում է, որ Samsung-ի նոր սմարթֆոնը շուկայում կհայտնվի Qualcomm Snapdragon 865 պրոցեսորի և Samsung Exynos 990-ի մոդիֆիկացիայով: Օպերատիվ հիշողություն կլինի 8ԳԲ: Վաճառքի տարածաշրջանից կախված՝ հասանելի կլինեն 5G-ով և առանց դրա մոդելներ:
