Առողջապահություն Արդարադատություն Հայաստան ՔԿՀ

Իրավապաշտպանները համաներման առաջարկ են անում․ դատապարտյալները քնել են բակում

Շուրջ 20 դատապարտյալ գիշերել է դրսում՝ բողոքելով բուժօգնություն չստանալուց

Factor.am — Երեկ գիշեր շուրջ 20 դատապարտյալներ ու կալանավորված անձիք քնել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բակում։ Նրանք այսկերպ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` նշելով, որ իրենց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում և որ իրենց ցանկանում են տեղափոխել այլ ՔԿՀ-ներ։ Անգամ եղան մեկնաբանություններ, թե կորոնավիրուսի համաճարակի հետևանքով այս մարդիկ զրկվել են բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։

Ի՞նչ են պատասխանում ՔԿԾ-ից

Քրեակատարողական ծառայությունից հերքում են լուրերը, թե դատապարտյալներին ու կալանավորներին զրկել են բուժօգնությունից․ «Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։

Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ենթակա են դուրս գրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն»,- պարզաբանում են ՔԿԾ-ից։ Բացի այս, քրեակատարողական ծառայությունից նաև վստահեցնում են, որ իրենց մոտ բարեբախտաբար կորոնավիրուսի վարակի բռնկման դեպքեր չկան։

«Պետք է համաներում կիրառվի»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ այլ առաջարկ ունի ՔԿՀ-ները բեռնաթափելու և կորոնավիրուսի համաճարակի դեպքում շատ կալանավորների ու դատապարտյալների կյանքը չվտանգելու համար․

«Փակ համակարգերում պետք է շատ զգույշ լինել, մենք դեռ վարակի՝ ՔԿՀ-ներ ներթափանցման մասին ինֆորմացիա չունենք, բայց չի բացառվում ներթափանցումը։

Մենք, օրինակ, այս օրերին ահազանգեր ունենք, որ հսկիչները ներս են մտնում առանց դիմակների, առանց պաշտպանիչ միջոցների, մենք նաև հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ պետք է զգույշ լինել։ Իմ գործընկերները ինձ զանգահարել են և առաջարկել համաներման մասին համատեղ հայտարարություն անել, որպեսզի այն կալանավորները, որոնք այսպես ասած՝ ենթակա են համաներման, ազատ արձակվեն։ Ես կարծում եմ, որ սա կնպաստի կալանավայրերում վարակի տարածման ռիսկը նվազեցնելուն։

Ես այս հարցում համամիտ եմ գործընկերներիս հետ, ոչ ծանր մեղադրանքների դեպքում Արդարադատության նախարարը պետք է վերանայի, այսպիսի մի միջոցի էլ դիմեն և մարդկանց ազատ արձակեն։ Այս պահին չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, քանի որ գիտեմ՝ բոլորն էլ մտահոգ են և ցանկանում են որևէ բան փոխել, հարցն այն է, թե որքանով է դա արդյունավետ։ Ամեն դեպքում կալանավորների և դատապարտյալների հետ ևս պետք է հաշվի նստել»,- նշեց Ալեքսանյանը։

«Դատապարտյալների բուժօգնությունը չպետք է տարբերվի այլ անձանց հասանելի բուժծառայությունից»․ Ռևազյան  

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը չի շտապում որևէ մեկին մեղարդել։ Ասում է՝ սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր գործ պետք է նախևառաջ առանձին ուսումնասիրության արժանանա․

«Իրենք կարող են այդպես հայտարարել, բայց արդյոք դա այդպես է, թե ոչ` հարցի մյուս կողմն է, բացի այդ, եթե անձը ունի բուժօգնության կարիք,  դա չի կարող սահմանափակվել նույնիսկ այս պայմաններում։ Կարելի է մեկուսացման կամ անվտանգության միջոցները խստացնել, բայց անձանց անհրաժեշտ բուժօգնությունը պետք է տրվի։

Այնուհանդերձ,  դեռ պետք է ուսումնասիրվի՝ արդյոք այդ դեպքերն իսկապես այդպիսին են, ինչպես ներկայացվում է։ Նույն քաղաքացիական անձը, որը ազատ է, կարող է դիմել բժշկի, թե ոչ, իհարկե կարող է, հետևաբար որևէ կերպ դատապարտյալների բուժօգնությունը չպետք է տարբերվի այլ անձանց հասանելի բուժծառայությունից»,- եզրափակում է  Ռեւազյանը։

Սարգիս Թոմբուլյանը զինադադարից ժամեր առաջ է զոհվել (ռեպորտաժ)

enzuza

Արսեն Թորոսյանը ներկայացնում է կորոնավիրուսի սցենար, որը դեռ տեղի չի ունեցել (լուսանկար)

enzuza

Սկսում եմ պայքար ինձ լկտիաբար խաբած քաղաքական թիմի և պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ. Գարեգին Միսկարյան

enzuza