Գիտություն Հասարակություն Տեխնոլոգիաներ

Միֆն ու իրականությունը. 5G ցանցերը «մեղավոր» չեն կորոնավիրուսի տարածման համար

Fip.am — YouTube-ում, Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում հերթական դավադրության տեսությունն է շրջանառվում կորոնավիրուսի մասին:

Ըստ լայն տարածում ստացած տեսակետի՝ կորոնավիրուսի առաջացման պատճառը 5-րդ սերնդի հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն են:

Տեսության կողմնակիցները բաժանվում են երկու խմբի. մի մասն ասում է, որ 5G ցանցերն են առաջացնում Covid-19-ը կամ դրա ախտանիշները: Մյուս խումբն այդքան էլ ռադիկալ չէ. ըստ նրանց՝ 5G ցանցերը պարզապես թուլացնում են մարդու իմունային համակարգը՝ նրանց խոցելի դարձնելով վիրուսների առաջ:

Մինչ սոցցանցերի սեփականատերերը հայտնում են, որ հեռացնելու են նման բովանդակություն ունեցող նյութերը՝ տեսանյութերը, նկարներ, գրառումները, հոլիվուդյան որոշ աստղեր նպաստում են վարկածի տարածմանը՝ տեսությունն աջակցող գրառումներ կատարելով Թվիթերում: 

5G ցանցերի և Covid-19-ի կապի մասին նյութերն արդեն ակտիվացել են նաև համացանցի հայկական հարթակներում և Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում: 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե ինչու է այս ինֆորմացիան ակնհայտ կեղծ և որևէ աղերս չունի իրականության հետ։

Ի՞նչ է 5G-ն

5-րդ սերնդի բջջային կապը՝ կամ 5G տեխնոլոգիան, այս պահի դրությամբ ամենաարագն է ամբողջ աշխարհում և ի վիճակի է ավելի մեծ քանակությամբ սարքերի միանալ, քան 4G LTE ցանցը: ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում այս կապը սկսել է օգտագործվել 2018 թվականից:

Մի քանի խոշոր ընկերություններ, այդ թվում ՝ Samsung-ը, Motorola-ն, Huawei-ը և LG-ին, արդեն թողարկում են 5G հեռախոսներ: Apple-ը նախատեսում է նման հեռախոսներ թողարկել միայն աշնանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բջջային հեռախոսային հաղորդակցությունն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, որոնք տարածվում են ֆիքսված ալեհավաքների ցանցի միջոցով, այսպես կոչված՝ բազային կայաններից: Ռադիոալիքները էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնք, ի տարբերություն իոնացնող ճառագայթման, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները կամ գամմա ճառագայթները, ո՛չ կարող են կոտրել քիմիական կապերը, ո՛չ էլ մարդու մարմնում առաջացնել իոնացում: Հետևաբար՝ դրանք մեծ վտանգ մարդու առողջության վրա չեն կարող ունենալ:

Ուհանում 5G ցանցերը և կորոնավիրուսի տարածումը

Որպես տեսության ակնհայտ ապացույց՝ հեղինակները նշում են այն հանգամանքը, որ կորոնավիրուսը սկսել է տարածվել համավարակի սկզբնաղբյուր հանդիսացող Ուհան քաղաքում 5G ցանցերի տեղադրումից անմիջապես հետո: 

Ակտիվորեն տարածվում է նաև տեսանյութ, որում, իբրև, չինացիները ջարդում և հեռացնում են 5G կայանները: Իրականում տեսանյութը նկարահանվել է Հոնգ Կոնգի ցույցերի ժամանակ, երբ ցուցարարները փորձում էին հեռացնել փողոցային լուսամփոփները, որոնց վրա տեղադրված էին սմարթ տեսախցիկներ:

Ուհանը, իսկապես, չինական առաջին քաղաքներից է, որը մասամբ ապահովված է  5G ծածկույթով դեռևս 2019 թվականի օգոստոսից: Սակայն բացի Ուհանից, Չինաստանի մի շարք այլ քաղաքներ նույնպես ունեն նոր սերնդի կապ, այդ թվում՝ Պեկինը և Շանհայը: 

Հատկանշական է նաև, որ կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախներից մեկում՝ Իրանում, 5G ցանցեր համաճարակի ծագման պահին չեն եղել:

Այսպիսով, 5G ցանցերը կապ չունեն նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, քանի որ համավարակն առկա է անգամ այն երկրներում, որտեղ 5G կապ չկա: Բացի դրանից, ըստ ԱՀԿ տվյալների՝ բջջային կապը չի կարող անդառնալի ազդեցություն ունենալ մարդու իմունային համակարգի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք կորոնավիրուսային վարակի հետ կապված այլ միֆերի ևս, մասնավորապես՝ կապված տաք ջրի և իմբիրի «բուժիչ» հատկությունների հետ։

Լուսինե Ոսկանյան

Դատարանը Մարինա Պողոսյանին վարկաբեկած անձին պարտավորեցրել է վճարել 500 հազար դրամ և ներողություն խնդրել

enzuza

Սաթիկ Սեյրանյանը Սերժի գրպանի լրագրողն ա․ Թերեզա Ասատրյան

enzuza

Հայաստանի ամենատարեց բնակիչն այսօր դարձել է 115 տարեկան

enzuza