Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Դատական Տեխնոլոգիաներ Քաղաքական Քրեական

ԱԱԾ. Գուրգեն Խաչատրյանը փախուստի է դիմել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել «Գալաքսի» ընկերության համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն:

Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ: 

Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր:

Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը:

Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ»:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica