Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հասարակություն Քաղաքական

Փաշինյանն ամանորյա ուղերձը կհղի Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձը դեկտեմբերի 31-ին կհղի Հանրապետության հրապարակում՝ ուղիղ եթերում։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, այդօրինակ որոշման նպատակն էր ցույց տալ երկրի ղեկավարի անմիջականությունը և նաև ուղիղ դիմելու այն մարդկանց, ովքեր այդ պահին ներկա կլինեն հրապարակում։

«Ուղերձը շատ գեղեցիկ է լինելու, ուղերձին առնչվող հատվածը շատ հանդիսավոր է լինելու, ուղերձը ևս, վստահ եմ, շատ հետաքրքիր է ու շատերին կգրավի: Կարծում եմ՝ սա կարող է նոր նախադեպ հանդիսանալ նման կերպ դիմելու ժողովրդին Ամանորից առաջ», – ասաց Կարապետյանը:

Նա նշեց՝ յուրաքանչյուր ընտանիք, անհատ ինքն է որոշում, թե ինչպես դիմավորել տոնը, լինել Հանրապետության հրապարակում, թե տանը. – «Կառավարությունը, վարչապետը հրավիրում է, որ մարդիկ միանան տոնողներին Հանրապետության հրապարակում, շատ գեղեցիկ միջոցառումներ են լինելու, բավական մարդաշատ հրապարակ է լինելու»:

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում, տոնական միջոցառումները կմեկնարկեն երեկոյան ժամը 23:15-ից Սոնայի և Գարիկի համերգով։ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ վարչապետի ուղերձից հետո շուրջ 2 ժամ համերգով հանդես կգա բոսնիացի երաժիշտ Գորան Բրեգովիչը, որից հետո արդեն նախատեսվում է հրավառություն։

«Երեկոյան 23:15-ին կիրականանա «Գարիկ և Սոնա» խմբի համերգը, որից հետո Հանրապետության հրապարակում մեզ բոլորիս կմիանա հանրապետության վարչապետը, որը հենց այնտեղ իր ամանորյա շնորհավորանքը և ուղերձը կհղի բոլորիս, և որից հետո արդեն 00:10-ից մինչև 01:40 Հանրապետության հրապարակում ականատեսը կլինենք Գորան Բրեգովիչի և նվագախմբի բացառիկ համերգին: Եվ այդ համերգից հետո մինչև 4-ը կլինի DJ և հրավառություն», – հայտնեց նա:

Հարցին, թե բազմամա՞րդ ներկայություն են ակնկալում հրապարակում, կամ արդյոք ունե՞ն հաշվարկներ, թե որքան մարդ կմասնակցի, Գոշ Սարգսյանը պատասխանեց. – «Այն հետաքրքրությունը, որ վերջին 2 ամիսների ընթացքում հասարակության կողմից զգացել ենք, կարծում ենք, որ բացառիկ հոսք է լինելու Հանրապետության հրապարակ»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես դիմավորել Ամանորը՝ տանը, թե հրապարակում, քաղաքապետարանի մշակույթի վարչության պետն ասում է. – «Կարծում եմ՝ ոչ թե վայրն է կարևոր, այլ կարևոր է, թե ում հետ ես դիմավորում Ամանորը»:

Աղբյուրը՝ azatutyun.am

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica