Factor.am — ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։

Այս մասին Factor.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի կայքից։ Առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ)։
Արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)։
Նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։ Նախագծերի փաթեթը մշակվել է ոստիկանության և արդարադատության նախարարության կողմից: Մերի Մարտիրոսյան