Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Քաղաքական Քրեական

ՀՔԾ. Սերժ Սարգսյանի գործը դատարան ուղարկելու բավարար ապացույցներ կան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար: Այս մասին Panarmenian.net-ին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ գործի նյութերը ծանոթության համար տրամադրվել են մեղադրյալներին և նրանց պաշտպաններին:

«Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին»,- ասաց Օհանջանյանը:

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է 2019-ի դեկտեմբերի 4-ին: Մեղադրանքն առաջադրվել էր ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ը կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 մլն դրամի հափշտակության կատարումը:

Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ում ընկերությունից ձեռք է բերվել ավելի թանկ գնով դիզվառելիք:

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշել՝ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը: Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան:

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica