Հայկական Ժամանակ — Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները երեկ՝ հուլիսի 19-ին, բացահայտել են Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության դեպք։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վաչությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Ներսիսյան թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում որդին սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի տարբեր հատվածներում արնանման հետքեր են հայտնաբերվել։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ 87-ամյա տանտիրուհուն սպանել էր 58-ամյա որդին, որը նախկինում 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել՝ սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Պատժի կրումից ազատվել էր 2018 թվականին:
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ երկու օր առաջ մորը սպանել էր կացնով, ապա մարմինը դանակով մասնատել, լցրել էր պոլիէթիլենային պարկի մեջ, նետել աղբանոցն ու այրել։
Փաստի առթիվ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ թաղամասի աղբամաններից մեկում հայտնաբերվել են տարեց կնոջ այրված մարմնամասերը։
Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։