Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հայաստան Քաղաքական

Այսօրվանից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու

1lurer.am — Կառավարության մամուլի կենտրոնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում ինչպես են իրականացվելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով քաղաքացիների առողջական անվտանգության հարցը՝ նախատեսվել է, որ միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ից: Կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը: «Մենք կոչ ենք անելու նաև մեր քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերը վառելով՝ պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ»,- ասաց Աղաջանյանը: Նա նշեց, որ ոգեկոչման րոպեն տեղի կունենա  Ծիծեռնակաբերդից՝  Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի, իմ սոխակ» երգի կատարման ներքո:

Աղաջանյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին՝  առավոտյան 08:00-ից,  քաղաքացիները կարող են հաղորդակցություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից և 0037433191500 հեռախոսահամարին՝ արտասահմանից՝  իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդակցությունն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ից, կմեկնարկեն ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի, կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Խոնարհումի արարողությունը ուղեկցվելու է դաշնակահար Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ: 

Հարգանքի տուրքի գեղարվեստական ծրագիրը կմեկնարկի նույն օրը՝ ժամը 22:00-ին, պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագրում կլինեն դասական և ժողովրդական  ստեղծագործություններ: Այն կտևի մինչև լուսաբաց: 

«Որոշում է կայացվել, որ  ապրիլի 24-ին հուշահամալիրի մուտքը փակ է լինելու,  և այդ որոշումը  նաև պարետատան կողմից համապատասխան ակտով կհաստատվի: Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այսօրվանից փաստացի մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու՝ անվտանգային և կազմակերպչական նկատառումներից ելնելով»,- ասաց Աղաջանյանը:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica