Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հայաստան Քաղաքական

Փաշինյանի իշխանության ոչ կոմպետենտությունն ու անգրագիտությունը համազգային աղետ է. Դավիթ Շահնազարյան

News.am — Փուլային տարբերակի շուրջ բանակցային գործընթացն արդեն մոտենում է եզրափակիչ փուլին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այդ փաստաթուղթը դրվել է սեղանին, բանակցվել է եւ այն պետք է ստորագրվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:

«Ինձ համար որեւէ անսպասելի բան տեղի չի ունեցել, որովհետեւ միշտ առիթ եմ ունեցել ասելու, որ Փաշինյանը քննարկում է հենց փուլային տարբերակը։ Դա նշանակում է առաջին հերթին, ինչպես Լավրովն է ասել, տարածքներից (հինգ շրջանների) Արցախի զինված ուժերի դուրս բերում, երկրորդը՝ որոշ կոմունիկացիաների բացում, ինչը չի աշխատելու, Լեռնային Ղարաբաղի ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ, որը չի բացառում նրա՝ Ադրբեջանի կազմում գտնվելը։ Ակնհայտ է, որ այդ տարածքներ են վերադառնալու ադրբեջանցիներ։ Իսկ մնացյալ հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, որը ինչ-որ ժամանակ պետք է հանրաքվեով իրականացվի, նույնիսկ խաղաղապահների հարց, այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծում, այս փաստաթղթում ամրագրվում է, որ հետագայում քննարկվելիք հարցեր են»,- ասաց Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ հայկական կողմը շարունակում է թաքցնել, թե ինչ բանակցություններ են ընթանում ԼՂ բանակցային գործընթացում.

«Փաշինյանը, եթե հիշում եք, իշխանության գալու առաջին օրերին հայտարարեց, թե չի շարունակում բանակցությունները այն կետից, որը նախկին իշխանություններից էր մնացել, այլ՝ բանակցում է իր կետից։ Լավրովը բացահայտեց՝ ինչ է ենթադրում Փաշինյանի «կետը», դա նշանակում է որոշ տարածքների վերադարձ, մնացած հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, թողնել ապագա բանակցություններին: Սա է իրականում Հայաստանի գործող իշխանության բանակցածը։ Լավրովը հիշատակում է անցյալ տարի ապրիլի 15-ին կայացած Մոսկվայի հանդիպումը, որտեղ այդպիսի փաստաթուղթը դրվել է բանակցությունների սեղանին եւ դրանից հետո բանակցությունները ընթացել են այդ փաստաթղթի շուրջ։ Հետագայում բանակցությունները շարունակվել են Վաշինգտոնում՝ հունիսի 4-ին, Նյու Յորքում՝ սեպտեմբերի 24-ին, Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 4-ին եւ արդեն այս տարի՝ հունվարի 28-30-ի եռօրյա բանակցությունները Ժնեւում, որտեղ մանրամասն քննարկվել են այդ կետերի իրականացման տարրերը։

Հայաստանի արտգործնախարարությունը եւ, ընդհանրապես, հայկական կողմը շարունակում է թաքցնել իրականությունը, շարունակում են ստել։ Արվում էին անհեթեթ, իրար հակասող հայտարարություններ. Փաշինյանը հայտարարում էր, թե լուծումը պետք է բավարարի Հայաստանին, Արցախին եւ Ադրբեջանին, իսկ Զոհրաբ Մնացականյանը պնդում էր, թե՝ «որեւէ բանակցություն չկան», «դրանք կոնսուլտացիաներ են», «սեղանին որեւէ փաստաթուղթ չկա»։

Շահնազարյանն ասաց, որ Հայաստանը 1998 թվականից սկսած չի բանակցվել փուլային տարբերակ, եւ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 1992թ․ սկսված բանակցություններում հասել էր լավագույնին.

«Սերժ Սարգսյանի իշխանությունը բանակցային գործընթացում 1992-ից սկսված բանակցություններում հասել էր լավագույնին։ Իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո արդեն բանակցությունների սեղանին ոչ թե բուն կարգավորումը կամ տարածքների հանձնումն էր, այլ՝ բանակցություններն ընթանում էին մեկ օրակարգով, դա Արցախի Հանրապետություն-Ադրբեջան շփման գծի երկայնքով միջազգային տարրերի ներմուծումն էր, որը, այսպես կոչված՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգն էր։ Սա առավելագույն ձեռքբերում է եղել բանակցային ողջ գործընթացում, որն ի նպաստ հայկական կողմի էր։ Հենց այդ վիճակից դուրս գալու նպատակով Ադրբեջանը 2016թ. ապրիլին սանձազերծեց նոր պատերազմ, բայց ստանալով դաժան պատասխան հարված՝ ստիպված եղավ ամբողջովին առաջնորդվել հայկական կողմի օրակարգով։

Իրենք ասում են՝ «փաստաթուղթ չկա», դա բառախաղ է ՝ իրենք վաղը պետք է ասեն՝ փաստաթուղթն այն է, ինչը արդեն ստորագրված է։ Ոչ, փաստաթղթերը տարբերակներ են, որ դրվում են սեղանին ընդհանրապես եւ քննարկվում։ Նույն փուլային, փաթեթային տարբերակները, որոնք ներկայացվում էին, դրանք փաստաթղթե՞ր էին, թե՞ ոչ։ Իհարկե, փաստաթղթեր էին, բանակցություններն ընթանում էին դրանց ստորագրման շուրջ»։

Շահնազարյանը նկատեց, որ Լավրովն արձանագրեց նաեւ հայ-ռուսական հարաբերություններում այսօր գոյություն ունեցող պատմականորեն ամենացածր մակարդակը։

«Առաջինը, վստահ եմ, որ այդ բանակցային գործընթացը փուլային տարբերակի շուրջ արդեն մոտենում է եզրափակիչ փուլի, որովհետեւ Լավրովը նշել էր, որ փաստաթուղթը դրվել է սեղանին, բանակցվել է եւ այն արդեն պետք է ստորագրվի։ Ըստ այդմ՝ դա կոչ էր Հայաստանի իշխանություններին, առաջին հերթին՝ Փաշինյանին այն մասին, որ ժամանակն է արդեն Հայաստանի հասարակության հետ անկեղծ լինել եւ չթաքցնել իրականությունը, ինչպես արդեն երկու տարի է վարվում է Փաշինյանը։ Երկրորդ՝ սա նաեւ ինչ-որ առումով նախազգուշացում էր, որ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի թաքցնել իրականությունը հանրությունից, ապա Ռուսաստանը ուղղակի կխոսի Հայաստանի հանրության հետ։ Լավրովը չէր խոսում իր անունից, նա խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների անունից եւ ներկայացնում էր եռանախագահող երկրների միասնական տեսակետը, եւ դա Հայաստանի իշխանությունների համար չափազանց անսպասելի էր։ Հայ-ռուսական հարաբերությունների վիճակը նույնպես Լավրովը նկարագրեց։ Հայաստանի համար ռուսական գազի գնի վերաբերյալ նա հայտարարեց, որ ռազմավարական գործընկերությունը միայն այս ոլորտում չէ, որ պիտի գործի, եւ երբ մի քանի տարի առաջ իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում տրամագծորեն այլ էր, ապա այն ժամանակ սա քաղաքական հարց էր։ Բայց հիմա, քանի որ կան դատավարություններ, ռուսական ընկերությունների նկատմամբ այդպիսի վերաբերմունք, ապա հարաբերությունները այլեւս ռազմավարական չեն եւ գազի գնի հարցով պետք է բանակցել ոչ թե Ռուսաստանի քաղաքական ղեկավարության, այլ՝ գազ վաճառողի հետ»։

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում ամբողջովին ձախողվել է. «Բոլոր ուղղություններն են տապալված՝ տնտեսական, սոցիալական, ներդրումային եւ առաջին հերթին՝ արտաքին քաղաքականությունն է ամբողջովին տապալված: Հայաստանը ոչ միայն ամենացածր մակարդակի հարաբերություններն ունի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, այլեւ նույն իրավիճակն է Միացյալ Նահանգների հետ, այստեղ ընդհանրապես օրակարգ չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս համանախագահող երկիրը Ֆրանսիան է, որն անցած տարի ակտիվացրեց հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ նույնիսկ ռազմատեխնիկական ոլորտում չափազանց ծավալուն ծրագրեր է իրականացնում։ Այսինքն՝ խայտառակ իրավիճակի արտացոլում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում, այլեւ՝ ընդհանրապես արտաքին քաղաքականությունում: Փաշինյանը «հեղափոխությունը» տարավ արտաքին քաղաքականություն եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթաց, ինչպես ասում էր՝ «ես միկրոհեղափոխություն եմ իրականացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման մեջ»: Գնացել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է՝ ես հեղափոխություն եմ արել, պետք է ամեն ինչ սկսել նորից, ինչը իրականում շատ ձեռնտու էր Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն երազել անգամ չէր կարող ընձեռված նման հնարավորության մասին»։

Դիտարկմանը, որ Փաշինյանն ու Մնացականյանը հայտարարում են, որ Ադրբեջանն ասում է տարածքներ, մենք ասում ենք անվտանգություն, եւ հարցին՝ ի՞նչ է ենթադրում «տարածքը» կամ «հողն»՝ «անվտանգություն» բառով փոխարինելը, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այդ ձեւակերպումը, Շահնազարյանն ասաց.

«2018 թվականից անընդհատ հայտարարում են՝ մեզ համար կարեւոր են կարգավիճակն ու անվտանգությունը։ Սա արատավոր մոտեցում է, երբ տարանջատվում են այս հարցերը: Ադրբեջանն էլ ի պատասխան բազմիցս հայտարարել է՝ լավ, Ղարաբաղը կլինի իմ կազմում, ի՞նչ անվտանգություն եք ուզում, դա եկեք քննարկենք։ Եվ, ըստ էության, դա էլ քննարկում են։ Նպատակ պետք դրվի, որ Արցախի անկախությունը ճանաչվի միջազգայնորեն, իսկ սա չկա Փաշինյանի օրակարգում։ Միջազգային ճանաչումը իր մեջ արդեն պարունակում է անվտանգության ամենաբարձր հնարավոր մակարդակ։ Իսկ երբ առանձնացնում են անվտանգությունը կարգավիճակից, մեկ անգամ եւս ապացուցում են, որ բանակցում են փուլային կարգավորում։ Բանակցություններն ընթանում են հետեւյալ բանաձեւով՝ տարածքներ՝ խոստումների դիմաց։ Մինչդեռ մենք այսօր ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ որեւէ միջազգային խոստում աշխատել չի կարող։ Նույնիսկ այն ժամանակ, երբ երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված միջազգային անվտանգության համակարգը գործում էր, Խորհրդային Միության փլուզվելու ժամանակ Ռուսաստանին Արեւմուտքն, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները խոստացել էին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի արեւելք, սակայն ընդլայնվեց: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան Ուկրաինային 1994 թվականին խոստացել էին, որ երաշխավորում են նրա տարածքային ամբողջականությունը՝ չկատարվեց։ Հետեւաբար՝ ինչ-որ խոստումներով որեւէ փաստաթուղթ ստորագրելուց հետո, չի էլ հիշվելու խոստումների մասին։ Փուլային տարբերակով, այսինքն՝ առանց կարգավիճակը ամրագրելու տարածքների վերադարձի շուրջ բանակցելը ամենածանր հարվածն էր, որը կարելի էր հասցնել Արցախի անվտանգությանը, Հայաստանի անվտանգությանը»։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի իշխանությունների արձագանքը Լավրովի հայտարարությանը, Շահնազարյանը պատասխանեց.

«Եթե որեւէ ուրիշ պետություն հետ այդպես վարվեին, կասեի՝ զավեշտական, իսկ այս դեպքում՝ ողբալի։ Միջազգային հարաբերություններում նման գործելակերպն անընդունելի է, այդ իսկ պատճառով այսօր ամբողջ աշխարհում Փաշինյանի իշխանությանը որեւէ տեղ լուրջ չեն վերաբերվում։ Թողնենք՝ ճիշտ, թե սխալ է ասում Լավրովը, այդ լեզվով, այդ բառապաշարով դաշնակիցների հետ չեն խոսում։ Բացի այդ, բանակցային ողջ գործընթացում՝ սկսած 1992 թվականից, միշտ Հայաստանը եղել է միջազգային հանրության հետ մի կողմում, Ադրբեջանը՝ մյուս կողմում։ Այսօր իրավիճակն ամբողջովին փոխվել է, եւ դա դեռ մեկ տարի առաջ էր արձանագրել Լավրովը։ Ադրբեջանը հնարավորություն է ստացել միջազգային հանրությանը ներկայացնելու փաստարկեր, դրդապատճառներ, որոնք կհիմնավորեն Բաքվի հարձակողական գործողությունները, նոր պատերազմի բռնկումը։

Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքական թիմը շատ թույլ է, եւ ամեն առիթով զավեշներ ենք արձանագրում, նկատում է Դավիթ Շահնազարյանը: «Ի՞նչ է նշանակում՝ մենք չենք մեկնաբանի այլ երկրի արտգործնախարարի հայտարարությունները։ Եթե այլ երկրի արտգործնախարարը խոսում է Գվատեմալայի մասին, ապա դուք կարող եք այն չմեկնաբանել։ Բայց եթե Գվատեմալայի արտգործնախարարը խոսում է Հայաստանի մասին, ապա դա ձեր ուղղակի պարտականությունն է։ Արտգործնախարարությունն անընդհատ խեղաթյուրում է տեքստերը։ Պաշտոնական հայտարարությունների անգլերեն եւ հայերեն տեքստերը իրար չեն համապատասխանում։ Վերջին թարմ օրինակը՝ արտգործնախարարության հայտարարությունն էր, որը հրապարակվել էր ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականում: Հայերեն եւ ռուսերեն տեքստերի մեջ էական տարբերություն կա, մի ամբողջ պարբերություն կա հայերեն տարբերակում, որը ռուսերենում չկա, հայերեն տեքստում գրված է «փոխզիջում», ռուսերեն տեքստում՝ «զիջում»։ Արտգործնախարարությունն ու նախարարն ուղղակիորեն զբաղվում են ժուլիկությամբ։ Եվ այս նույն իրավիճակն է համատարած բոլոր ոլորտներում՝ Փաշինյանի իշխանության ոչ կոմպետենտությունն ու անգրագիտությունը համազգային աղետ է դարձել»։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica