Հայաստան Հասարակություն

Ում են պատկանում տերմինալները և որքան շահույթ են ստանում |hetq.am|

Փողոցներում ու խանութներում տեղադրված վճարային տերմինալներով գործարքներ կատարելու մշակույթը Հայաստանում գնալով տարածվում է։ Զուգահեռաբար մեծանում են տերմինալների թիվն ու հասույթը։

Թել-Սելի (Telcell), Իդրամի (Idram), Իզի Փեյի (EasyPay) և Մոբի Դրամի (MobiDram) միջոցով այսօր կարելի է գործարքներ կատարել նաև նրանց օնլայն  հավելվածների միջոցով։ «Հետքն» ուսումնասիրել է այս շուկան, փորձել պարզել, թե որքան հասույթ ու շահույթ են ստանում դրանք և ում են պատկանում։ Պարզվում է, որ տերմինալները փոխկապակցված են նախկին պաշտոնյաների և բանկային համակարգի ընկերությունների հետ։

Հասույթով առաջատարը «Թել-Սելն» է

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս ընկերությունները դասակարգվում են որպես վճարահաշվարկային կազմակերպություններ։ Նրանց գործունեությունը կարգավորվում է «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով։ Այս ցանկում է նաև Արմենիան Քարդը (ArCa), սակայն մենք առանձնացրել ենք միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն վճարային տերմինալներ։

Այս շուկայում, ըստ հասույթի, առաջատարը «Թել-Սել» ընկերությունն է։ Ըստ ընկերության ֆինանսական վերջին հաշվետվության՝ 2018 թվականին ընկերությունն ունեցել է 3 մլրդ 220 մլն դրամի հասույթ։

Ինչպես նշված է «Թել-Սել» ՓԲԸ-ի 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունում՝ ընկերության բաժնետերերն են` Lendasy Trading Ltd-ն (56.28 %), Արամ Սարգսյանն (37.91 %) ու Տաթևիկ Ավետիսյանը (5.81 %): 

Ընկերության հայաստանյան բաժնետերերը պատահական անձինք չեն։ Արամ Սարգսյանը Պետական եկամուտների կոմիտեի Կազմակերպման և հսկողության վարչության կազմակերպման բաժնի պետի նախկին տեղակալն է։ Ինչպես պարզաբանեցին ՊԵԿ-ից՝ վերջինս աշխատանքից ազատվել է 2019 թվականի հունվարին։

Արամ Սարգսյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 170 միլիոն դրամի շահաբաժին, սակայն չի մանրամասնել որ ընկերություններից է այն ստացել։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրից պարզվում է, որ Արամ Սարգսյանը 2019 թվականին շահաբաժին է ունեցել 5 ընկերությունում՝ ընդհանուր առմամբ 114 միլիոն դրամի։

Տաթևիկ Ավետիսյանը տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ (2009-2014), Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական (2007-2009) 

Արտաշես Ավետիսյանի դուստրն է, ինչպես նաև՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ (2016-2018), այժմ «Արմենիա» միջազգային օդանավակայանի փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանի քույրը։

Երբ ընկերությունը 2007 թվականին սկսում էր գործունեությունը Արտաշես Ավետիսյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնը։

Իսկ ընկերության 56.28 % բաժնեմասի սեփականատեր Lendasy Trading Ltd-ն գրացված է Կիպրոսի օֆշորային գոտում, որի սեփականատերը Կիպրոսում գրանցված մեկ այլ՝ Largos World Limited ընկերությունն է։

«Իզի-Փեյ»

Հասույթով երկրորդ տեղում «Իզի-Փեյ» ընկերությունն է։ 2018-ին ընկերությունը ունեցել է 1 մլրդ 831 մլն դրամի հասույթ։

«Իզի Փեյ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլին։ Ընկերության բաժնեմասերը կիսում են Նարինե Նազարյանը (7 %), նրա մայրը՝ Կարինե Փաշինյանը (73 %) և Աննի Հարությունյանը (20 %)։

Նարինե Նազարյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի կինն է։

Նարինե Նազարյանի հայր, Կարինե Փաշինյանի ամուսին Ֆրեդ Նազարյանը հանդիսանում է «Դովեղ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։ «Դովեղ» հիմնադրամը 2017-2018 թվականներին Տավուշի մարզի Դովեղ համայնքում մի շարք ծրագրեր է իրականացնել, այդ թվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ։ Օրինակ՝ 2018 թվականին գործարկել են ոռոգման ջրի համակարգ։

Նարինե Նազարյանը՝ որպես դատախազի կին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել տարեկան հայտարարագրեր։ Դրանց ուսումնասիրությունից պարզվում է, որ նա 2018 թվականից ընկերությունից ունեցած բաժնեմասից ստացել է 6․9 միլիոն դրամի եկամուտ, իսկ 2017-ին՝ 1․9 միլիոն դրամ։ Սակայն թե որ ընկերություններից է եղել այդ շահաբաժինը, նրա հայտարարագրում նշված չէ։

«Իդրամ»

«Իզի Փեյ» ՍՊԸ-ին հասույթով հաջորդում է «Իդրամ» ՍՊԸ-ն։ 2018-ին ընկերության հասույթը կազմել է 1 մլրդ 552 մլն դրամ։

«Իդրամ» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։

Նախորդ տարվանից փոխվել է «Իդրամ» ընկերության լոգոն, որը շփոթեցնելու աստիճան նման է ԱյԴի բանկ (IDBank) լոգոյին։ ԱյԴի բանկից «Հետք»-ին պարզաբանել են, որ Իդրամի նոր ապրանքային նշանը նման է իրենց բանկի ապրանքային նշանին, բայց նույնը չէ։ 

Թեև ԱյԴի բանկից հայտնել են, որ «ԱյԴի բանկը և Իդրամ ընկերությունը ունեն համագործակցության համաձայնագիր, և ոչ ավելին», սակայն ընկերությունների միջև, ըստ էության, կապ կա. «Իդրամ» ընկերության բաժնետերերից մեկը բանկի աշխատակիցներից մեկի կինն է։

«Ի դրամ» ՍՊԸ-ի 100 % բաժնետերը «Դիջիթլ հոլդինգս լիմիթեդ» ընկերությունն է։ Այս ընկերության 5 % բաժնեմասը պատկանում է SAFMAR արդյունաբերական և ֆինանսական խմբի գործադիր տնօրեն Ավետ Միրաքյանին, իսկ 95 %-ի սեփականատերը Կիպրոսում գրանցված «Դրիվելիո հոլդինգս լիմիթեդ» ընկերությունն է։

Ավետ Միրաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի ընկեր և «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության աջակից։ 

Իսկ խոշոր բաժնետերը՝ «Դրիվելիո Հոլդինգս լիմիթեդը», իր հերթին երկու սեփականատեր ունի։ Նրանցից մեկը Նարինե Հարությունյանն է՝ ԱյԴի բանկի հետ կապ ունեցող Ավետիք Միրաքյանի կինը։ LinkedIn սոցիալական ցանցի իր էջում Ավետիք Միրաքյանը նշել է, որ 2017 թվականից աշխատում է ԱյԴի բանկում, իսկ 2009-2010 և 2015-2017 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչությունում։

ԱյԴի բանկը հրաժարվել է պարզաբանել՝ արդյոք Ավետիք Միրաքյանն այժմ աշխատում է բանկում, եթե այո, ապա որ բաժնում։ «Բանկը որևէ անձի՝ իր աշխատակից լինել-չլինելու վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրում, քանի որ դա անձնական տվյալ է, որը պաշտպանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, ուստի անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ճշտել նշված անուն-ազգանունով անձից»,- հայտնել են բանկից։

Կիպրոսում գրանցված «Դրիվելիո Հոլդինգս լիմիթեդ» ընկերության մյուս բաժնետերը 66-ամյա Լալա Բախշեցյանն է՝ «Իդրամի» հայաստանյան սեփականատեր «Դիջիթլ հոլդինգս լիմիթեդ»-ի տնօրեն Ռուբեն Կուրղինյանի կինը։

«ՄոբիԴրամ»

Շուկայում ամենափոքր ընկերությունը «ՄոբիԴրամն» է, որի հասույթը 2018 թվականին կազմել է մոտ 213 մլն դրամ։

«ՄոբիԴրամ»-ը բջջային օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի (VivaCell-MTS) դուստր ձեռնարկությունն է։ «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին։ Ընկերության միակ բաժնետերը «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ -ն է՝ հեռահաղորդակցման օպերատոր Վիվասել-ՄՏՍ-ը։ «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն էլ Արգիշտի փողոց 4/1-ն է՝ «ՄՏՍ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակը։

«ՄոբիԴրամի» գլխավոր տնօրենը Կիմ Ավանեսյանն է, ով համատեղությամբ նաև «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կառավարման, ռիսկերի և վերահսկողության վարչության պետն է: Նա գլխավոր տնօրեն է նշանակվել 2014թ. մայիսին:

Ընդհանուր առմամբ, չորս ընկերությունների հասույթը միասին կազմել է 6 մլրդ 816 մլն դրամ, որի 47 %-ը բաժին է ընկնում Թել-Սելին, 26.9 %-ը՝ Իզի-Փեյին, մոտ 23 %-ը՝ Իդրամին, իսկ 3.1 %-ը՝ ՄոբիԴրամին։

Շահույթով ևս առաջատարը Թել-Սելն է

Ընկերություններից երեքը շահույթով (ընդամենը տարվա համապարփակ ֆինանսական արդյունք) են աշխատել 2018 թվականին, իսկ մեկը՝  վնասով է փակել տարին։ Շահույթով ևս առաջատարը Թել-Սելն է, որի ընդամենը տարվա համապարփակ ֆինանսական արդյունքը  2018 թվականին կազմել է 526.2 մլն դրամ, Իդրամինը կազմել է մոտ 471 մլն դրամի, Իզի-Փեյինը՝ մոտ 400 մլն դրամ։ Իսկ ՄոբիԴրամը տարին փակել է 78 մլն դրամի վնասով։

Նշենք, որ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակվում են ամեն տարի և աուդիտի ենթարկվում։ Չորսի դեպքում էլ աուդիտորները կարծիք են հայտնել, որ հաշվետվություններում ներկայացված են իրական և ճշմարիտ տվյալներ։

Լուսանկարները՝ ընկերության պաշտոնական կայքերից

Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:

«Ես չգիտեմ՝ ինչպիսին է պալատական կյանքը․ մենք չենք ապրում պալատական կյանքով»․ Աննա Հակոբյան

enzuza

«Մենք մահվանը զինվոր տալու չունենք, մեղավորները խստագույնս պատժվելու են»․ Ալեն Սիմոնյան

enzuza

Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք և ամուր. նախագահի հորդորը քաղաքացիներին

enzuza